Հայաստանում հանրային դժգոհությունը կմեծանա՝ Ա...

Ամերիկյան հեղինակավոր ուղեղային կենտրոններից մեկը՝ «Stratfor»-ը, օրեր առաջ հրապարակել է իր տարեկան կանխատեսումը 2026 թվականի համար, որում անդրադարձ կա նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։

Ըստ զեկույցի՝ Հայաստանն ու Ադրբեջանը համեստ քայլեր կձեռնարկեն նախորդ տարի խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ այդ կերպ նվազեցնելով ևս մեկ պատերազմի ռիսկը։ Երկու երկրները, հավանաբար, զգուշորեն կշարունակեն առևտրային հարաբերությունները և կփորձեն վստահության միջավայր ձևավորել, բայց առևտրային չափավոր համագործակցության միջոցով, ոչ թե համապարփակ տնտեսական ինտեգրման։

Ներքին կյանքում, ըստ «Stratfor»-ի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային ուժգնացող դժգոհության կբախվի՝ հիմնականում Ադրբեջանին արվող ենթադրյալ զիջումների և Հայ Առաքելական Եկեղեցու հետ լարված հարաբերությունների պատճառով։

Սահմանադրության փոփոխությունը, որը պահանջում է Ադրբեջանը՝ որպես խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման նախապայման, ևս կշարունակի հանրային խիստ դժգոհություն հարուցել երկրում, ուստի Փաշինյանը, հավանաբար, կփորձի այդ հարցով հանրաքվեի անցկացումը հետաձգել հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո։

Եթե Փաշինյանը չվերընտրվի, խաղաղության պայմանագրի ճակատագիրն ավելի անորոշ կդառնա, կարծում են կենտրոնի վերլուծաբանները, սակայն եթե նա պահպանի իշխանությունը, ապա TRIPP-ի՝ «Թրամփի ուղու» իրականացումը առաջնահերթություն կդառնա նրա համար՝ այս համաձայնությունից շոշափելի օգուտներ քաղելու և դրանք ի ցույց դնելու համար։

«Stratfor»-ի գնահատմամբ՝ Բաքուն ավարտին կհասցնի Իրանի տարածքով TRIPP-ին զուգահեռ ձգվող Արազի միջանցքի իր հատվածի կառուցումը, իսկ TRIPP-ը կպահի իր ձեռքում որպես ճնշման լծակ և այլընտրանք և այդ կերպ կփորձի դուրս թողնել Հայաստանը տարածաշրջանային ինտեգրացիայից, եթե Երևանը չգնա համագործակցության։

Ռուսաստանը, կենտրոնի կանխատեսմամբ, կփորձի ձեռնոց նետել TRIPP-ի իրագործմանը, սակայն տարածաշրջանային դիրքերի թուլացումը կսահմանափակի Մոսկվայի կարողությունը՝ կանխելու թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի շրջադարձը դեպի Արևմուտք։