Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկու...

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական եզրակացությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն այդ քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ:

Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ուստի Հայաստանը կանգնելու է ընտրության առաջ:

«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների դադարեցման դեպքում Հայաստանում մի կողմից կբարձրանան էներգիայի և պարենի գները, մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 70-80 տոկոսով։ Այսպիսով, հասարակ մարդիկ կկորցնեն եկամուտները, աշխատանքը և ավելի շատ կվճարեն առաջին անհրաժեշտության ապրանքների համար: Փոխարենը նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ռեժիմ, իսկ Հայաստանը՝ բնակչության կրճատում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, իսկ Եվրամիությանն անդամակցությունը համեմատել է ««Տիտանիկի» տոմս գնելու» հետ:

Օվերչուկը նշել է՝ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը կկառուցի՝ հաշվի առնելով Հանրապետությունում ընթացող այդ գործընթացը։

Ռուս պաշտոնյան, միևնույն ժամանակ, ասել է, որ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ընտրությունն է: