Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջությամբ կ...

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը, ադրբեջանական ագրեսիային իրենք չէին կարող արձագանք տալ, իրենց դերակատարումն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ, զեկույցներ պատրաստել Բրյուսելի համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով մայիսի 11-ից Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիային ու ԵՄ առաքելության արձագանքին:

«Դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ: Իրենց դերակատարումն է պարբերաբար զեկույցներ պատրաստել Բրյուսելի, ԵՄ անդամ երկրների համար, պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ: Իրենց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու առումով: Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ տեղում: Եվ այդ առումով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր վրա դրված մանդատը»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա հավելեց՝ ոչ ոք կասկած չուներ, որ որոշակի սադրանքներ կլինեին, և դրանք եղան:

«Սակայն այս պահին մենք կարող ենք դրական գնահատել առաքելության գործունեությունը»,-նշեց փոխնախարարը: