
Հայաստանում այլևս ձերբակալությունից, կալանավորումից ոչ ոք չի վախենում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը՝ անրադառնալով իր հնարավոր կալանավորմանը:
«Ժողովուրդ ջան, հարգելի հայրենակիցներ, կուզեի ասել, որ էլ Հայաստանում ձերբակալությունից, կալանավորումից ոչ մեկ չի վախենում։ Ինչքան ուզում են՝ թող կալանավորեն, ձերբակալեն։ Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերից այն կողմում լինել՝ իշխանության պատճառով», – ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ սա այն պահն է, երբ մարդ պետք է գնա «ալիքին դեմ», որպեսզի հետագայում «գլուխը բարձր ապրի»:
«Այսօր պատիվ է, որովհետև գալիս են պահեր, երբ դու պետք է ցույց տաս կամ քո կամքը, ու գնաս ոչ թե ալիքի կողմ, այլ ալիքին դեմ։ Սա այդ պահն է»,- ասաց նա։
Նարեկ Կարապետյանը տեղեկացրեց, որ իր աշխատասենյակից առգրավվել է 37 փաստաթուղթ։
Հարցին՝ արդյոք իրեն կարող են կալանավորել, նա պատասխանեց. «Կա այդպիսի ինֆորմացիա, ինձ թվում է՝ դեռ ման են գալիս, հնարավոր է՝ ինչ-որ բան գտնեն»։
Կարապետյանը հավելեց, որ գլխարկը շատ հիմնավոր կասկած առաջացնող ապացույց է այսօրվա Հայաստանում, դրա համար էլ կարող են մի քանի ամիս դատել:
Անդրադառնալով ընդդիմադիր հանրահավաքներին՝ նշեց․ «Եթե այդքան բազմամարդ չլիներ հավաքը, հնարավոր է՝ այսպիսի բռնաճնշումների չառերեսվեինք»։
Ինչ վերաբերում է հետագա քաղաքական զարգացումներին, հնարավոր նոր ուժի ստեղծմանը և առաջնորդին, նա ասաց. «Դրա վերաբերյալ հանդես կգանք հայտարարություններով: Բոլոր հարցերը որոնք մտահոգիչ են կամ հետաքրքրիր, կունենան պատասխաններ»։