Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ատելության խոսքի ծավալները մտահոգիչ է համարում: Այս մասին Մանասյանը նշեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:
«Ատելության խոսքի առումով Հայաստանում միջավայրն ընդհանրապես ընդունելի չէ: Ծավալները ոչ թե պարզապես շատ են, այլ ծավալներն այնպիսին են, որ, երևի, բացառիկ դեպքերում կարող ենք խոսել դրա բացակայության մասին, և օրինաչափությունը ատելության խոսքի առկայությունն է: Նույնիսկ, ըստ հանրային գործիչների խմբերի, քաղաքական դերակատարների կարող ենք տարանջատել ատելության խոսքի այն տեսակները, որոնք կոնկրետ դերակատարները տարածում են»,- նշեց Անահիտ Մանասյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, միջազգային գործընկերների հետ գործակցությամբ, սկսել է տարբեր թիրախային խմբերի հետ աշխատանքները՝ ատելության խոսքի կանխարգելման և դրա վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:
«Մասնավորապես՝ լրագրողների խմբերի հետ ենք աշխատել, ունեցել ենք բազմապիսի քննարկումներ, վերապատրաստումներ, հատուկ խումբ առանձնացրել ենք ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին, որովհետև կրթական համակարգում և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների կողմից այս խոսքի տարածման դեպքերը, նույնպես, չափազանց մեծ ծավալ են կազմում և առավել մտահոգիչ են, քանի որ մի բան է, երբ, օրինակ՝ քաղաքական գործիչն է, իր քաղաքական շահերից ելնելով, ատելության խոսք տարածում, այլ բան է, երբ՝ մասնագիտական, ակադեմիական համայնքները: Վերջերս համատեղ միջոցառում ունեցանք նաև Ազգային ժողովի պատգամավորների հետ»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
Անահիտ Մանասյանը հավելեց՝ նաև այլ հանրային իրազեկման աշխատանքներում ևս ատելության խոսքին առնչվող պարտադիր անդրադարձեր են լինում:



