Հայաստանում աշխատատեղերի քանակի եւ աշխատավարձերի աճը, հատկապես վերջին ամիսներին, կապված է Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների հետ։ Այս մասին հուլիսի 14-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։ Այս տարի, ըստ նրա, Հայաստանում մասնավոր հատվածում գրանցվել է աշխատավարձերի շուրջ 18 տոկոս աճ։ Խոսքը հիմնականում վերաբերում է ծառայությունների ոլորտին։ «Մասնավորապես բարձրացել են ՏՏ ոլորտի աշխատողների աշխատավարձերը։ Նույն գործոնով է պայմանավորված աշխատատեղերի քանակի ավելացման միտումը»,- ասաց Գալստյանը։
Ինչ վերաբերում է գնաճին, ապա նա նշեց, որ Հայաստանում դրամի արժևորման շնորհիվ գնաճն ավելի ցածր է եղել:
«Այն ավանդները, որոնք ոչ ՀՀ քաղաքացիները ունեն Հայաստանի առևտրային բանկերում ընթացիկ հաշիվների կամ ավանդների վրա, մարտ-ապրիլ-հունիս ամիսներին կտրուկ աճել են։ Նույնը վերաբերում է վարձակալության գներին, բանկային համակարգով ֆիզիկական անձանց փոխանցված գումարներին»,-ասաց ԿԲ նախագահը: