Հայաստանում առաջին եռամսյակում տրվել է ջրօգտա...

Հայաստանում այս տարվա հունվար-մարտին պետությունը տվել է ջրօգտագործման 56 թույլտվություն, մերժվել է 3 հայտ: Այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման շրջանակում՝ անդրադառնալով պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին:

«Շրջակա միջավայրի նախարարության կողմից անցյալ տարի հունվար-մարտ ամիսներին տրվել է  120  ջրօգտագործման թույլտվություն, խոսքը նոր հայտ,երկարաձգում, վերաձևակերպումների ընդհանուր թվի մասին է: Ձկնաբուծական նպատակով տրվել է 12 ջրօգտագործման թույլտվություն, էներգետիկ նպատակով տրվել է 3 ջրօգտագործման թույլտվություն, մերժվել է ընդհանուր առմամբ 6 ջրօգտագործման հայտ: Նույն ժամանակահատվածի համար այս տարի տրվել է 56 ջրօգտագործման թույլտվություն՝ նոր հայտ, երկարաձգում, վերաձևակերպում: Ստորերկրյա ջրային ռեսուրսների համար տրվել է 18 հայտ, էներգետիկ նպատակով՝ 4 , մերժվել է 3 ջրօգտագործման հայտ»,-ասաց Գաբրիելյանը:

Իսկ ինչ վերաբերում է նախագծին, ապա փոխնախարարի խոսքով՝ ի թիվս այլ լրացումների, առաջարկվում է Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի վիճակի վերականգնման, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի լուծարման կոնսերվացման գործընթացների պատշաճ իրականացման նպատակով ստեղծել ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ: Այս պահի դրությամբ բյուջեով նախատեսվել են լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ անհրաժեշտ խորքային հորերի ուսումնասիրությունների և նախագծերի մշակման համար, որպեսզի նախաձեռնվեն դրանց կոնսերվացումը և լուծարումը, խոսքը վերաբերում է չշահագործվող կամ լքված հորերին:

Ամրագրվել է հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեության փակ շրջանառու համակարգով իրականացվող պարտադիր պահանջ: