 
     
								Հայաստանում կստեղծվի անձնական տվյալների պաշտպանության անկախ լիազոր մարմին։
Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Նշվում է, որ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգը և դրա իրականացումն ապահովող պլանավորված և իրականացվող քայլերը։
Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի համար առաջարկվում է սահմանել կոլեգիալ ղեկավարում՝ 3 անդամից բաղկացած հանձնաժողովի տեսքով։
Հանձնաժողովին կվերապահվեն վարույթ իրականացնող, միջամտող, խորհրդատվական լիազորություններ։
Նախատեսվում է տվյալների մշակում նախատեսող օրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների պարտադիր տրամադրման լիազորություն։
Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի անդամներից, գլխավոր քարտուղարից և քարտուղարի տեղակալից բացի անհրաժեշտ է առնվազն երեք կառուցվածքային մասնագիտացված ստորաբաժանում, ինչպես նաև օժանդակող անձնակազմ։
Անհրաժեշտ է նաև հանձնաժողովին ապահովել սեփական գույքով և առանձին բյուջետային ֆինանսավորմամբ։
Հանձնաժողովի անդամների ընտրությունը, ռեսուրսների տրամադրումը, ինչպես նաև օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակումը նախատեսվում է ավարտին հասցնել 2027 թվականի առաջին եռամսյակում։







