Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Այս մասին հայտնեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։
Հուշագիրը ստորագրել են Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայության ղեկավար Բառնո Սաիդվալիզոդան։
Հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ոլորտում փորձի փոխանակման, օրենսդրության բարելավման, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շրջանակներում։ Նախատեսվում են նաև փոխադարձ ճանաչողական այցեր, ինչպես նաև խորհրդատվությունների տրամադրում՝ միջգերատեսչական համագործակցության տարբեր ուղղություններով։
Ստորագրման արարողությանն ընդառաջ կայացած հանդիպման ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել երկու երկրների համանուն կառույցների միջև փոխհարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։
Գլխավոր հարկադիր կատարողի ուղեկցությամբ՝ հյուրերը շրջայց են կատարել Ծառայության վարչական շենքում, ծանոթացել Ծառայության հիմնադրման պատմությանը, հետևել Քաղաքացիների սպասարկման բաժնի աշխատանքի կազմակերպմանը, հարկադիր կատարման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ էլեկտրոնային կատարողական վարույթի ստեղծմանը, հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման գործընթացին։