Հայաստանն ասում է՝ հնարավոր է բացել սահմանը,...

Հայաստանն ասում է՝ հնարավոր է բացել սահմանը, վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը: Այս մասին Restart քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կողմից նախաձեռնած՝ «ԹՐԻՓՓ նախագծի ընձեռած հնարավորությունների մասին» ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Անդրադառնալով Հայաստանում  այլ երկրների ռազմական ներկայությանը՝ Խանդանյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված չէ այլ երկրների ռազմական ուժեր տեղակայել ՀՀ տարածքում. «Ընդհակառակը, Հայաստանը՝ հատկապես սահմանների երկայնքով, իր ամբողջ անվտանգային պաշտպանական ռազմավարության զարգացման տեսլականը սեփական ուժերի վրա է հիմնել»:

Հարցին, թե արդյո՞ք մինչև խորհրդարանի ընտրություններ հնարավոր է ստորագրել խաղաղության պայմանագիրը, Խանդանյանը պատասխանեց. «Մի ամսից կլինի մեկ տարի, ինչ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, դրված է սեղանին և նախաստորագրված է, ուստի մենք ցանկանում ենք դա անել որքան հնարավոր է շուտ՝ ինչու ոչ, ընտրություններից առաջ: Հայաստանը պատրաստակամ է ու իր համաձայնությունը տվել է այդ տեքստին, մնացածը Ադրբեջանից է կախված, սա այն հարցերից մեկն է, որտեղ Հայաստանը 100%-ով պատրաստակամ է»:

Տնտեսագետ Հայկ Ասպանյանն, անդրադառնալով երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակին, հիշեցրեց, որ այն պատկանում է Հայաստանին, Ռուսաստանը կոնցեսիոն կառավարիչն է։

«Իրականում այս նախագիծը տնտեսական առումով կարող է շատ հետաքրքիր լինել նաև Ռուսաստանի համար, տարբեր տարիներին քննարկվել է Ադրբեջանի հիմնական հատվածի և Իրանի կապող երկաթուղու կառուցման հարցը, որն այդպես էլ տեղի չի ունեցել, իսկ սա հնարավորություն է կազմակերպելու: Իմ խորին համոզմամբ, եթե մենք ուզում ենք տնտեսական շոշափելի արդյունքներ ունենալ, ամենատրամաբանականը ամերիկյան կողմի ներգրավումն է»: