
Հայաստան չեն ներմուծվում, երկրում չեն գրանցվում ու չեն օգտագործվում միջազգային պայմանագրերով արգելված պեստիցիդներ, որոնք կարող են լինել քաղցկեղածին կամ այլ հիվանդություններ առաջացնող:
Այս մասին հրավիրված ասուլիսում վստահեցրեց ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բարձրացված մտահոգություններին:
Նա նախ վստահեցրեց, որ միրգ-բանջարեղենում պեստիցիդների մնացորդային նյութերի ուսումնասիրության նախաձեռնությունը եղել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից: Դեռևս տարիներ առաջ կազմվել է ծրագիր, ներկայացվել է Կառավարությանը: Կառավարությունը գումար է հատկացրել, ուսումնասիրությունն իրականացվել է 2019-ին, 2021-ին, նաև 2024-ին:
«Աշխարհում չկա մի երկրի որևէ ոլորտ, որտեղ ընդհանուր պետության մասշտաբով ուսումնասիրություն իրականացվի, և այնտեղ ամեն ինչ 100 տոկոսանոց լինի: Բացի այդ, երբ մի գործառույթ նոր է սկսում իրականացվել, բնականաբար, խախտումները կարող են մի փոքր շատ լինել: Խոսքը մնացորդային քանակների գերազանցման մասին է: Այդ ամբողջ աշխատանքը նրա համար է, որ հետևողականորեն աշխատանքներ իրականացնենք այդ ռիսկերի նվազեցման նպատակով»,-ասաց ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը:
Անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը, որ 10 նմուշ է փորձարկվել, որոնցից բոլորում հայտնաբերվել են պեստիցիդներ՝ Նիկոյանը շեշտեց՝ այդ պեստիցիդները կիրառվել են այդ մշակաբույսի մշակության ժամանակ, բնականաբար, պետք է այնտեղ հայտնաբերվեին: «Հնարավոր չէ պեստիցիդ կիրառել, և դրա մնացորդն ընդհանրապես 0 լինի: Մնացորդային քանակների թույլատրելի սահմաններ կան: Խնդիրն այն է, որ թույլատրելի սահմանները չպետք է գերազանցեն»,-ասաց նա:
Նիկոյանի խոսքով՝ այդ թույլատրելի չափաքանակները ևս հարաբերական են: Ըստ նրա՝ եթե մի պտղի կամ բանջարեղենի մեջ ստուգել են 10 անուն պեստիցիդ, որից 9 անունը եղել է նորմայի մեջ կամ ցածր, և ընդամենը մեկն է 10 կամ 20 տոկոսով գերազանցել, ապա վատ չէ: «Դա այն չէ, ինչ մենք ենք ուզում: Աշխատելու տեղ ունենք, բայց չի կարելի ասել, թե սարսափելի է»,-նշեց նա:
Անդրադառնալով մտահոգություններին, որ քաղցկեղածին պտուղ-բանջարեղեն են ուտում մարդիկ՝ Նիկոյանն ընդգծեց՝ իհարկե, աշխարհում կան քաղցկեղածին պեստիցիդներ, սաղմնաթունային պեստիցիդներ, մուտագեն և այլն, բայց Հայաստանի Հանրապետությունը վաղուց Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների անդամ երկիր է:
«Կոնվենցիաների հավելվածներում սահմանվում են ինչպես պեստիցիդների, այնպես էլ այդ քիմիական նյութերի ցանկերը: Այն պեստիցիդները և քիմիական նյութերը, որոնք ունեն վերը թվարկված հատկությունները, մտցվում են այդ ցանկում: Հայաստանը, լինելով այդ կոնվենցիաների անդամ երկիր, ցանկում եղած բոլոր պեստիցիդներն արգելում է երկրում: Որոշակի պեստիդիցդների դեպքում անդամ երկրներին թույլատրվում է արգելել կամ սահմանափակել դրանց կիրառումը: Սակայն Հայաստանն այդ դեպքերում միայն արգելում է, քանի որ սահմանափակելն ինքնին ռիսկ է առաջացնում։ Հայաստանի Հանրապետությունում չեն գրանցվում, չեն ներմուծվում, չեն օգտագործվում այնպիսի պեստիցիդներ, որոնք միջազգային պայմանագրերով արգելված են և ունեն այդ վատ հատկությունները»,-ասաց Նիկոյանը:
Նա հավելեց՝ պեստիցիդ, նիտրատները եղել են, կան ու կլինեն, խնդիրը դրանց մնացորդային քանակներն են: «Քանակներն էլ իրենց հերթին պայմանավորված են նրանով, թե մարդն օրական ինչքան է օգտագործում: Դա ամենակարևոր մեխն է»,–հավելեց ՍԱՏՄ պաշտոնյան:
Նա նկատեց՝ սննդաբանները խորհուրդ են տալիս, որ մրգի ու բանջարեղենի օրական բաժինը լինի 400-500 գրամի չափ: Եթե մեկը շատ ձմերուկ է սիրում ու օրական 4 կգ ուտում է, ապա որքան էլ նիտրատների քանակությունը նորմայի մեջ լինի, ընդունելու է օրգանիզմի համար վնասակար չափաբաժին: