Հայաստան–ՄԹ․ կրթության և մշակույթի ոլորտում գ...

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ձևավորված վստահելի ու կայուն գործընկերությունը՝ համակարգային բարեփոխումների փուլում կարևորելով համագործակցության շարունակականությունը։

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի դերակատարությունը՝ այն գնահատելով որպես երկկողմ ծրագրերի իրականացման արդյունավետ հարթակ։ Նրա դիտարկմամբ՝ կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության դինամիկան մեծ առաջընթաց է գրանցել։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները՝ մասնավորապես ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցման փորձնական ծրագիրը:

Նա տեղեկացրել է՝ 2023 թվականից Հայաստանում մեկնարկել է «ԱԲ սերունդ» կրթական բազմամակարդակ ծրագիրը, որի նպատակն է ստեղծել արհեստական բանականության գիտնականի և նորարարի կրթական ուղի՝ սկսած ավագ դպրոցից մինչև հետբուհական մակարդակ: Կրթական համակարգում որպես ԱԲ ինտեգրման հաջողված օրինակ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է նաև «STEP.ai-արհեստական բանականություն»  գիտության տեխնոլոգիայի կրթական ծրագիրը, որն իրականացվում է ՏՏ ոլորտի մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ և պետության անմիջական ներգրավմամբ՝ ներառելով ՀՀ հանրակրթական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը կարևորել է առաջիկայում նախատեսվող Կրթության համաշխարհային ֆորումի ընթացքում նաև այս ուղղություններով հայաստանյան փորձով կիսվելու և այլ երկրների փորձն ուսումնասիրելու հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև COP17-ի նախապատրաստական աշխատանքների և էկոլոգիական կրթության դերի վերաբերյալ քննարկումների ծավալումը։

Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առանձնակի նշել է 2024 թվականին Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության մասին՝ որպես երկկողմ մշակութային օրակարգի կարևոր և նշանակալի բաղադրիչ։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ցուցադրությունը ոչ միայն լայն հանրային հետաքրքրություն է առաջացրել, այլև ամուր հիմք է ստեղծել հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։ Առանձնակի շեշտադրվել է նաև բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացումը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը՝ կազմակերպելով համատեղ աշխատաժողովներ, փորձի փոխանակման ծրագրեր և մասնագիտական վերապատրաստումներ։ Քննարկվել են նաև Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ իրականացված նախաձեռնությունները և դրանց արդյունքները՝ մասնավորապես ուսուցիչների վերապատրաստման և կրթական նորարարությունների խթանման ուղղությամբ։