
«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարման հարցում խախտումները հաճախակի են դարձել։ Այս մասին հայտնել է գործակալությունը։ «Հաշվի առնելով կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված փաստերը՝ «Ռոսսելխոզնադզորը» լուրջ մտահոգություն է հայտնում»։ Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչությանը նամակ է ուղարկվել՝ խնդրելով ձեռնարկել համապարփակ միջոցառումներ եւ ուժեղացնել մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը»,- նշվել է հաղորդագրությունում։ Գերատեսչության հավաստիացմամբ՝ այս տարի Հայաստանից ներմուծված քաղված ծաղիկների ծավալը կտրուկ աճել է։ Ընթացիկ տարվա սկզբից ի վեր վերահսկվել է 52 միլիոն հատ, ինչը 49.7 տոկոսով ավելի է, քան 2024թ. նույն ժամանակահատվածում, երբ ներմուծվել էր 34.7 միլիոն հատ։ Ծավալների աճի ֆոնին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ։ Կարանտինային ֆիտոսանիտարային վերահսկման արդյունքներով, որն իրականացվել է «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչությունների կողմից, պարզվել է արեւմտյան ծաղկային տրիպսով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք։ «Ռոսսելխոզնադզորի» զեկույցում նշվել է, որ բազմիցս գրանցվել են կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքեր բուսական արտադրանքի այլ տեսակներում, ինչը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին։ «Անհրաժեշտ արձագանքման միջոցառումների բացակայության եւ կարանտինային օբյեկտների շարունակական նույնականացման դեպքում «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի 2025թ. հունիսի 16-ից սկսած ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա, որոնք կուղեկցվեն երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական վկայականներով»,- ավելացրել են գերատեսչությունում։