Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2022 թվականին աճել է 187 տոկոսով, մեծ մաս է կազմում վերաարտահանումը:
Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի ներկայացմանը:
«2021 թվականի նկատմամբ 2022-ին 187 տոկոս արտահանման աճ ենք ունեցել դեպի Ռուսաստանի Դաշնություն: Մեծ մաս է կազմում նաև վերաարտահանումը: Հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 47 տոկոսային կետով»,-ասաց Հովհաննիսյանը:
Գրանցվել է նաև զբոսաշրջիկների այցելության մեծ աճ՝ 90.2 տոկոս, որտեղ նպաստ են ունեցել ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկները: Սակայն նախարարն ուրախալի համարեց այն հանգամանքը, որ ոչ միայն ՌԴ-ից, այլ նաև ուրիշ երկրներից ևս կա բավականին մեծ աճ:
2022-ին գրանցվել է նաև դրամական փոխանցումների մեծ աճ, որը նաև իր ազդեցությունն է ունեցել դրամի արժևորման վրա:
«Արդյունքում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ, թեև պետբյուջեն կազմելիս սեպտեմբերին կանխատեսվել էր 11 տոկոս տնտեսական աճ, իսկ թիրախն էր 2022-ին կառավարության ծրագրին համապատասխան ունենալ 7 տոկոս տնտեսական աճ: Արդյունքում՝ անվանական ՀՆԱ-ն կազմում է մոտ 8.5 տրլն դրամ, որը 2021-ի փաստացի ցուցանիշից ավելի է ավելի քան 1.5 տրլն դրամով»,-ասաց նախարարը: