Հայաստանի որոշ մարզերում նախատեսվում է զբոսաշ...

Գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Հայաստանի տարբեր մարզերում զարգացնելու նպատակով Արենին, Դիլիջանը, Դվինը, Գյումրին, Ջերմուկը, Գորիսը և Եղեգիսը նախատեսում է վերածել զբոսաշրջային լուրջ կլաստերների։

Աս մասին հուլիսի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նա ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր՝ վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը, որը հաստատվեց։

«Նախագծով առաջարկվում է մեկնարկել Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը, որի ֆինանսավորումը կապահովվի ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրի ստորագրմամբ։ Ծրագրի նպատակն է օժանդակել զբոսաշրջության առանձնացված քսան կլաստերներից յոթին՝ Արենի, Դիլիջան, Դվին, Գյումրի, Ջերմուկ, Գորիս և Եղեգիս՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Հայաստանի տարբեր մարզերում»,-նշեց Խոջոյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագրի առանցքում կլինեն այդ կլաստերների և զբոսաշրջիկների միջև կապն ապահովելը, զբոսաշրջային վայրերի, ենթակառուցվածքների բարելամնանն ուղղված ներդրումները՝ նպաստելով մշակութային և բնական ժառանգության արժեքների պահպանմանը, գործարար և մասնագիտական հմտությունների ամրապնդմանը։ Ըստ Խոջոյանի՝ այդ ամենը նշված բնակավայրերում մեծ թվով նոր աշխատատեղերի հնարավորություն կստեղծեն։

Նա նշեց, որ Արենի կլաստերը Հայաստանի գլխավոր զբոսաշրջային ուղղությունների շարքում առանձնանում է հարուստ մշակութային ժառանգությամբ և յուրահատուկ բնական լանդշաֆտներով՝ տարեկան հյուրընկալելով 500 հազարից ավելի զբոսաշրջիկի։ «Նախատեսվող ծրագրում առանձնացվել են հետևյալ ներդրումային ուղղությունները՝ ճանապարհային և փողոցների ցանցի վերականգնում, քաղաքային շարժունակության ապահովում՝ հիմնական տեսարժան վայրերի հասանելիությունը բարելավելու համար, հյուրանոցային, ռեստորանային և հանրային սննդի ուղղությամբ աշխատանքներ, ուսուցման և զբոսաշրջային զարգացման ծրագրերի ապահովում, արշավային արահետների ցանցերի ստեղծում և ճանապարհային նոր վայրերի հիմնում, թանգարանների և մշակութային կենտրոնների հիմնում և վերականգնում»,-շեշտեց փոխնախարարը։

Գյումրի կլաստերը տարեկան ավելի քան 100 հազար այցելու ունի։ Գյումրին հայտնի է գեղարվեստական ժառանգության և ավանդական արհեստներով։ Առաջարկվող ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի տեղական և մարզային մասնագիտական կրթության ծառայությունների որակի կատարելագործմանն աջակցել։ Հնարավոր միջոցառումները կարող են ներառել Գյումրիի շուկայի վերականգնումը՝ մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով, Գյուլբենկյան պատմական շենքի վերանորոգումը և Լոզանի հյուրընկալության միջազգային դպրոցի մասնաճյուղն այդտեղ տեղակայելու հնարավորությունը, արհեստավորների դպրոցի ստեղծումը։

Դիլիջանի կլաստերը տարեկան շուրջ 250 հազար այցելուներով զբոսաշրջային զգալի ներուժ է ներկայացնում։ Այդտեղ կլաստերի զարգացումը հենվում է անվտանգ հետիոտնային գոտիների ստեղծման և հանրային տարածքների աշխուժացման վրա։ Ծրագրի շրջանակում հնարավոր միջոցառումները կարող են ներառել ներքաղաքային կապի բարելավումը և ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնումը, քաղաքի հիմնական գետի՝ Աղստևի աղտոտման նվազեցումն ու հեղեղումների ռիսկի մեղմումը, ճոպանուղու կառուցումը՝ Դիլիջան քաղաքի կենտրոնը կապելով Թախտա թաղամասի հետ, կապի և հասանելիության բարելավումը քաղաքում, փողոցների հարդարումը, հետիոտնային գոտիների, զբոսաշրջային գոտիների ստեղծումը հանրային և կանաչ  տարածքների ընդլայնումը։

Դվին կլաստերի զարգացման նպատակն է գրավել հնագիտությամբ հետաքրքրված այցելուների։ Այստեղ ներդրումները նպատակաուղղված կլինեն զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը, այդ թվում՝ մուտքի կետեր, ճանապարհներ, հետիոտնային գոտիներ, լուսավորություն, նշաններ և տեղեկատվական հանգույցներ, ինչպես նաև Դվին պատմական վայրի հուշարձանների և հնագիտական վայրի մասնակի վերակառուցումը, թանգարանային շենքի կառուցումը, որը նաև կհյուրընկալի հնագիտական հետազոտական կայանը։

Ջերմուկ կլաստերը պատմականորեն հանրահայտ ուղղություն է ծառայել բուժական զբոսաշրջության համար, որտեղ կան 40-ից ավելի տաք աղբյուրներ։ Նախատեսվող աշխատանքների ցանկում են Ըմպելասրահի և հարակից ենթակառուցվածքների վերականգնումը, Ջերմուկի ջրվեժ տանող ճանապարհի և արահետների վերականգնումը, կամուրջի, մայթերի կառուցումը և զբոսաշրջիկների համար ընդհանուր հարմարավետության բարելավումը։ Կլաստերի հետագա զարգացումը կլրացվի Ջերմուկ քաղաքի դիրքավորմամբ՝ որպես միջազգային առողջարանային ուղղություն։

Գորիսի կլաստերն առանցքային պատմամշակութային ուղղություն է։ Հնարավոր ներդրումները կկենտրոնանան Գորիսի պատմամշակութային կենտրոնի վերանորոգման, տների և ճակատային մասերի վերականգնման և մշակութային միջավայրի պաշտպանության վրա։ Նախատեսվում է նաև շրջակա բնակավայրերի համախմբումը միասնական բրենդի ներքո՝ թեմատիկ գրավչություններով և արշավային արահետներով, որոնք մարզի պատմական և բնական տեսարժան վայրերը կկապեն միմյանց։

Եղեգիսի կլաստերը հարուստ է մշակութային և պատմական վայրերով, այդ թվում՝ հինավուրց հուշարձաններով և միջնադարյան կառույցներով, որոնք հատկապես գրավիչ են մշակութային ժառանգությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկների համար։

Հնարավոր ներդրումների առանցքում կլինեն ճանապարհների, հետիոտնային և զբոսաշրջային շղթաների ենթակառուցվածքի բարեկարգումն ու վերականգնումը, պահպանությունը, մշակութային միջոցառումների՝ փառատոնների և ցուցահանդեսների խթանմանն ուղղված նախաձեռնությունների աջակցումը, որոնք ընդգծում են Հայաստանի հարուստ ժառագությունն ու ավանդույթներն ամբողջ տարվա ընթացքում։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120 մլն 500 հազար եվրո, որից 24 մլն 100 հազար եվրոն ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է։ Ծրագիրը կիրականացվի միչև 2030 թվականի ավարտը։