Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին 12.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3 տոկոսով:
Շինարարության ծավալը 2023-ի 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.7 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ ավելացումը կազմել է 24.5 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 19.9 տոկոսով:
2023 թվականի առաջին 5 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 1.6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալում ևս արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 3.1 տոկոս:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 86.9 տոկոսով: Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 5 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 93.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 83.3 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մայիս ամիսներին կազմել է 390.41 դրամ: