Հայաստանի սահմանները սոսկ գծեր չեն, դրանք մարմնավորում են երկրի անվտանգությունը։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է անվտանգության և հատուկ նշանակության ջոկատների վերապատրաստման հույն փորձագետ Էֆտիմիս Տուրտիդիսը։
Նա հիշեցրել է, որ ամեն օր տղամարդիկ և կանայք, գտնվելով հանրության ուշադրությունից բավականին հեռու, պաշտպանում են երկրի սահմանները։ Նրա խոսքով՝ սահմանների պաշտպանության գործում հատուկ նշանակության ուժերի աշխատանքը դժվար է գերագնահատել։
«Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ երբեք անվտանգության երաշխիքներ չեն եղել։ Հայաստանի համար զգոն լինելը պարտադիր է։ Սակայն յուրաքանչյուր մարտական ստորաբաժանում վերապատրաստման կարիք ունի. դա է մարդկանց պրոֆեսիոնալ դարձնում և առանց դրա նույնիսկ լավագույն տեխնոլոգիաներն արդյունավետ չեն լինի»,- հիշեցրել է փորձագետը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ հզոր բանակի նպատակը խաղաղությունն է, այլ ոչ թե հակամարտությունը։ «Բայց խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, դա կայունություն է և սեփական ապագայի հանդեպ առանց վախի ապրելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ժողովրդին մտածել զարգացման մասին։ Հայաստանի համար սրանք սոսկ բառեր չեն. Հայաստանի պատմությունը դժվարությունների ու պայքարի պատմություն է։ Խաղաղության հասնելը պահանջում է պատասխանատվություն, հզոր կառույցներ, առաջնորդություն և խաղաղության ձգտում։ Այն երկիրը, որն ի վիճակի է պաշտպանել իր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, պատրաստ է խուսափել էսկալացիայից։ Լավագույն տարբերակը ուժերի հավասարակշռությունն է»,- նշել է փորձագետը։



