Հայաստանի ներկայիս իշխանությունը ՌԴ-ի հետ վեր...

ՀՀ-ում խաղաղության երաշխիքը ոչ թե Ղարաբաղը հիշողությունից ջնջելն է, այլ Մոսկվայի հետ բարեկամության պահպանումը։ Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Դմիտրի Սուսլովը։

Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև առկա լարված հարաբերությունների համատեքստում Դմիտրի Սուսլովը նկատում է, որ Մոսկվան Հայաստանի ներկայիս քաղաքականությունը ընկալում է ոչ թե որպես պարզ դիվերսիֆիկացիա, այլ որպես աստիճանաբար անցում թշնամու կողմը։

«Հայաստանի ներկայիս իշխանությունը ՌԴ-ի հետ վերջնական խզումը դարձնում է ժամանակի հարց։ Հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները՝ Ռուսաստանը սա ընկալում է ոչ թե որպես դիվերսիֆիկացիա, այլ որպես աստիճանաբար անցում թշնամու կողմը, որը չի թաքցնում իր պլանները և պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։ Բայց այդ զարգացումը տեղի է ունենում առավելագույնս աստիճանաբար և հարմարավետ Հայաստանի ներկայիս իշխանությունների համար»,- նշել է փորձագետը։

Ըստ նրա՝ Հայաստանի ներկայիս կառավարության օրոք իրականացվում է վերակողմնորոշման համակարգային քաղաքականություն դեպի Արևմուտք, որտեղ ռուսական գործոնը պահպանվում է միայն այն չափով, որքանով դա անհրաժեշտ է տնտեսության և անվտանգության համար։ 

Քաղաքագետի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Մոսկվա ակնհայտ դարձրեց, որ Ռուսաստանի համբերությունը սպառվում է։

«Ռուսաստանը շահագրգռված չէ կտրուկ սրել իրավիճակը, բայց մյուս կողմից՝ պարզապես դիտել, թե ինչպես է Հայաստանը քայլ առ քայլ գնում դեպի Արևմուտք, Ռուսաստանը չի պատրաստվում»,- ասել է նա։

Ռուսական կողմը պահանջում է հստակ կողմնորոշում՝ նշելով, որ դաշնակցային հարաբերությունների դեպքում Արևմուտքի հետ կապերի խորացումը չպետք է ուղեկցվի ռուսական գործոնի դուրսմղմամբ տնտեսության առանցքային ոլորտներից, ինչպիսիք են երկաթուղին ու ատոմային էներգետիկան։

Եթե Հայաստանն ընտրի Եվրամիության ճանապարհը, դա կնշանակի առնվազն տնտեսական հարաբերությունների խզում։

Սուսլովը համոզված է, որ միայն Ռուսաստանի հետ սերտ կապերն ու ռուսական ռազմական ներկայությունն են երաշխավորում Հայաստանի անվտանգությունը Բաքվի ու Անկարայի հնարավոր ագրեսիայից։ 

«Խաղաղության երաշխիքը ոչ թե Ղարաբաղը հիշողությունից ջնջելն է, այլ Մոսկվայի հետ բարեկամության պահպանումը, քանի որ հենց Ռուսաստանն է մնում տարածաշրջանում հիմնական զսպող գործոնը, որի բացակայությունը նոր պատերազմը կդարձնի գրեթե անխուսափելի»,- եզրափակել է Սուսլովը։