Հայաստանի միակ իրական ընտրությունն այն է, որ...

Խաղաղությունը չի կարող լինել կապիտուլյացիայի արդյունք։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթում թերահավատորեն է արձագանքել Վաշինգտոնում նախաստորագրված հայ–ադրբեջանական փաստաթղթին՝ ակնարկելով, որ իրական խաղաղություն Հարավային Կովկասում հնարավոր է միայն Մոսկվայի շահերի հաշվի առնելու դեպքում։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը բաց տեքստով հայտարարել է․ մինչև Հայաստանի Սահմանադրությունը չհամապատասխանի Բաքվի օրակարգին, խաղաղության պայմանագիրը չի կարող ստորագրվել։

Սա նշանակում է՝ հանրաքվեն դառնում է պայթյունավտանգ «ական» գործընթացի ճանապարհին․

Եթե հասարակությունը կողմ քվեարկի, Հայաստանը փաստացի ընդունում է ադրբեջանական վասալիտետը։

Եթե դեմ քվեարկի, Բաքուն ստանում է նոր պատերազմի պատրվակ։

Սա կործանարար փակուղի է։ Բայց Հայաստանի միակ իրական ընտրությունն այն է, որ կարողանա Սահմանադրության հարցը դուրս բերել խաղաղության կարգավորման գործընթացից։ Դրա համար անհրաժեշտ են երկու առանցքային պայման․

Հայաստանի հասարակության բևեռացման հաղթահարումը և 2026-ի ընտրություններով որակապես նոր ներքաղաքական ստատուս-քվոյի ձևավորումը։

Հմուտ և բազմաշերտ դիվանագիտության գործադրումը, որը թույլ կտա միջազգային դերակատարներին համոզել՝ խաղաղությունը չի կարող պայմանավորվել մեկ երկրի ներքին իրավակարգով։ Միայն այդպես Հայաստանը կկարողանա խուսափել պարտադրված երկակի ծուղակից։ Խաղաղությունը չի կարող լինել կապիտուլյացիայի արդյունք»։