Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն...

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը, 2026 թվականի մարտի 9-ին, Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստացել է 5 տարվա ժամկետով հավատարմագրում, ըստ որի՝ Կենտրոնի Մշակութաբանական փորձաքննությունների բաժինը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի N 669 որոշմամբ սահմանված չափորոշիչներին և հավատարմագրված է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու համար։

«Ստացված հավատարմագրումը կարևոր ձեռքբերում է՝ ստեղծելով առավել լայն հնարավորություններ մասնագիտական գործունեության զարգացման, մշակութային արժեքների փորձաքննության արդյունավետ կազմակերպման և ոլորտում Կենտրոնի նկատմամբ վստահության ամրապնդման համար»,– նշված է Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ Մշակութաբանական փորձաքննությունների բաժինը ձևավորվել է երեք տարի առաջ, այն արդեն հաստատել է իր բարձր մասնագիտական կարողությունները։ Կատարված փորձաքննությունները գնահատվել են արժանահավատ ոլորտի մասնագետների և գործընկեր կառույցների կողմից՝ փաստելով ճշգրտությունն ու հիմնավորվածությունը։ Այս նոր ձեռքբերումը Կենտրոնին հնարավորություն կտա ընդլայնել ծառայությունների շրջանակն ու ամրապնդել վստահությունը ոլորտում։