Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակու...

Հայաստանը գտնվում է զարգացման հուսալի ուղեծրի վրա։ 

Այս մասին հուլիսի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունը իր առաջնային ռազմավարական խնդիրն է համարել Հայաստանի Հանրապետության հարատևության ապահովումը և դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Չնայած առկա մարտահրավերներին՝ մեր պետությունն անցնում է զարգացման ուղով՝ ցույց տալով հուսալի դիմակայունություն»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ մարտահրավերներին զուգահեռ ձևավորվել են աննախադեպ հնարավորություններ, որոնց օգտագործման գլխավոր նպատակն է պետության կայունությունը և անկախությունը վերածել գործնական իրականության։ 

«Այս գաղափարախոսությունը՝ իրական Հայաստանի գաղափարախոսությունը, հիմա արդեն կարող եմ վստահությամբ ասել՝ լայնորեն ընդունվում է Հայաստանի ժողովրդի շրջանում։ Այն ծնվել է ժողովրդի գիտակցության մեջ և հիմա բերում է կոնկրետ արդյունքներ՝ անկախության, ինքնիշխանության, ներքին և արտաքին կայունության, օրենքի գերակայության և տնտեսական աճի տեսքով»,-ընդգծեց Փաշինյանը։ 

Նա հավելեց, որ Հայաստանի միջազգային հեղինակությունը կառավարության վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքում անշեղորեն աճում է։ 

Վարչապետի խոսքով՝ այդ հեղինակության վկայությունն են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք երկու խոշոր միջազգային միջոցառումները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբազմազանության COP-17 համաժողովը։

«Հայաստանը սպասված գործընկեր է թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, թե՛ արևելքում և թե՛ արևմուտքում»,-հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը վստահեցրեց, որ «Ապագա կա, կա ապագա» կարգախոսը, որով ՔՊ-ն հաղթել էր 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, արդեն իրականություն է։ 

«Այսօր մենք ոչ թե քայլում ենք ապագայի ուղղությամբ, այլ քայլում ենք ապագայի մեջ։ Ապագան այլևս սկսվում է այսօրվանից։ Սա դարակազմիկ փոփոխություն է Հայաստանում»,– ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։