Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մայիսի 18-ին ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից:
Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վրացական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն:
Ջերմորեն ողջունելով հյուրերին` Շալվա Պապուաշվիլին իր գոհունակությունն է հայտնել երկու հանձնաժողովների միջեւ ձեւավորված համագործակցության, համատեղ նիստի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այն շարունակական կլինի: Նա կարեւորել է նաեւ բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը:
Սարգիս Խանդանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահի ջերմ ողջույններն է փոխանցել Շալվա Պապուաշվիլիին, մանրամասներ ներկայացրել մայիսի 17-ին կայացած համատեղ նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ: Վրաստանի խորհրդարանի նախագահի խնդրանքով մանրամասներ են ներկայացվել մայիսին կայացած վաշինգտոնյան եւ բրուսելյան հանդիպումներից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հայ-վրացական բազմոլորտ համագործակցության օրակարգային այլ հարցեր եւս` քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն: