Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող երկխոսությունը շարունակվում է ինտենսիվ ձևաչափով, և առաջիկայում կլինեն շոշափելի արդյունքներ։
Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Կարող եմ ասել նաև իմ դիրքորոշումն ու գնահատականը․ ինքս շատ լավատես եմ այս առումով և կարծում եմ, որ առաջիկայում պետք է ունենանք շոշափելի արդյունքներ Հայաստան–Թուրքիա երկխոսությունում»,-նշեց Միրզոյանը։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին` Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Այս օրվանից Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները 6 հանդիպում են անցկացրել, որոնցից վերջինը՝ Երևանում։ Բացի այդ մի քանի անգամ հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ու ներկա ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։



