ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և առաջիկայում հնարավոր է արձանագրել նոր առաջընթաց։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նախարարն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը և վերջին շրջանում իրականացված աշխատանքներին։
«Թուրքիայի հետ մեր երկխոսությունն է շարունակվել, տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման ուղղությամբ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումներ, մի շարք այլ հանդիպումներ»,-ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջիկայում հնարավոր են շոշափելի արդյունքներ։
«Իմ ակնկալիքը և կարծիքն այն է, որ շատ մոտ ապագայում մենք ինչ-որ փուլում շոշափելի առաջընթաց կունենանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորման առումով»,-նշել է նախարարը։
Միրզոյանը նաև վստահություն է հայտնել, որ կարգավորման գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին։
«Ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում, ըստ էության, ամբողջական կարգավորում կունենանք»,-հայտարարել է նա։
Արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ երկու երկրների միջև արդեն գոյություն ունի ուղիղ առևտուր։
«Միայն վերջին իրադարձությունը նշեմ։ Չնայած այն չի վերաբերում հաշվետու ժամանակահատվածին, մենք այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև ունենք ուղիղ առևտուր՝ մաքսային իմաստով ուղիղ, աշխարհագրորեն, թեև դրանք դեռևս տեղի են ունենում երրորդ երկրների տարածքով»,-ասել է Միրզոյանը։



