Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տարբեր ձևաչափերում փոխգործակցության հարցեր՝ համահունչ ձևավորված սերտ քաղաքական երկխոսությանն ու ընդհանուր արժեքներին։
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև ընդգծվել են արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները՝ ԵՄ մշտադիտարկման առաքելություն, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկ, ԵՄ խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին աջակցություն, ինչպես նաև համագործակցության խորացման հետագա հնարավորությունները։
«Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի և մյուս գործընկերների ամուր աջակցությունը ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների ձևավորման ուղղությամբ՝ համահունչ ՀՀ քաղաքացիների ձգտումների», - հաղորդել է ՀՀ ԱԳ նախարարությունը։