Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները` հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, պատմական և մշակութային սերտ առնչությունների վրա, շարունակում են անշեղորեն զարգանալ: Այս մասին ասված է Բուլղարիայի ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակցությամբ Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին ուղղված ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում:
Ուղերձում նաեւ ասվում է.
«Ջերմությամբ եմ հիշում Սոֆիայում կայացած մեր հանդիպումը, որի ընթացքում կառուցողական երկխոսություն ունեցանք միջպետական կապերի հեռանկարների վերաբերյալ:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների փոխգործակցության ներուժի հետագա խթանմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:



