Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ համագործակցության խորացումը, գործընկերության նոր օրակարգի ձևավորումը, այդ թվում նաև՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել առկա գործիքակազմի արդյունավետ կիրառմանը, առաջիկա ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով պայմանագրի տեքստի վերջնականացման ու ստորագրման հարցում ՀՀ կողմից արտահայտված ամուր քաղաքական կամքը։
Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։



