
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթում սկզբնական շրջանում կային անհասկանալի կետեր, որոնք հետագա երկկողմ հանդիպումների և զրույցների արդյունքում հիմնականում հարթվել են։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Դեսպանը նշեց, որ փաստաթուղթը վերաբերում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ինչը Թեհրանը մշտապես աջակցել և ողջունել է:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն այն է, ինչին մենք միշտ աջակցել ենք և այժմ ևս ողջունում ենք»,- ընդգծեց Սոբհանին։
Նրա խոսքով՝ հայտարարության մեջ հստակ ամրագրված են հինգ սկզբունք՝ ազգային ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, փոխադարձության սկզբունք, իրավազորություն և սահմանների անխախտելիություն։
Միաժամանակ դեսպանը հավելեց, որ կան մանրամասներ, որոնց շուրջ քննարկումներ դեռ չեն իրականացվել: «Կան անհասկանալի պահեր էլ որոնց շուրջ քննարկումներ տեղի չեն ունեցել»,- նշեց նա։
Սոբհանին հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է՝ չի ձեռնարկի որևէ քայլ, որը չի բխի երկու երկրների շահերից, և ընդգծեց, որ Երևանի ու Բաքվի ղեկավարները սերտ կապի մեջ են և ունեն փոխըմբռնում։