Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության երկաթուղիների կառավարման հարցում, թերմշակված որոշում է, և նման քայլից հետո կառուցված համակարգը կարող է մեկ օրում փլուզվել, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման ոլորտում, բայց կարող եմ վստահորեն ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեքորեն փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ և վաղուց աշխատում է Հայաստանում՝ ոչ ամենհեշտ պայմաններում», - նշել է Շոյգուն։
«Վերջերս ես մեկնաբանել էի միջուկային թեմատիկայով ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության ծրագրերի հետ կապված իրավիճակը։ Այսպիսով, արդյո՞ք նման, դիվանագիտական լեզվով ասած, թերմշակված որոշումները չեն հանգեցնի նույնպիսի վտանգավոր փորձարկումների, որոնց համար ստիպված կլինեն վճարել Հայաստանի շարքային քաղաքացիները», - հարցադրում է արել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
«Գրեթե երկու տասնամյակների ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես մեկ օրում փլուզվել։ Դրա պատասխանատվությունը որևէ բարեկամ երկիր, բնականաբար, չի կրի։ Հույս ունեմ, որ պատասխանատու որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից»։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ռուսական կողմին վաճառել հանրապետության երկաթուղիների իր կոնցեսիան այնպիսի պետություններից մեկին, որը բարեկամական է և՛ Մոսկվայի, և՛ Երևանի համար։ Տարբերակների թվում նա նշել է Ղազախստանը, ԱՄԷ-ն և Քաթարը։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը հանդես է եկել պնդմամբ, որ Հայաստանը ոչինչ չունի ՌԴ-ի դեմ, սակայն ռուսական կոնցեսիան ստեղծում է «որոշակի մրցակցային կորուստներ» հանրապետության համար։



