Լեռնային Ղարաբաղից տեղահանված մոտ 17 հազար աշակերտներ ուսումը շարունակում են Հայաստանի հանրակրթական հաստատություններում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 24-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթական եւ արտադպրոցական հաստատությունների ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Ստալ Սարդարյանը։
Նա նշել է, որ կատարվում է աշխատանք, որպեսզի հասկացվի, թե կա արդյոք դպրոցական տարիքի անձանց խումբ, որոնք դեռեւս ներգրավված չեն հանրակրթական գործընթացում։ Նրա խոսքով՝ սովորողներին տրամադրվել են դասագրքեր պետբյուջեի հաշվին։
Սարդարյանը նաեւ հիշեցրել է դպրոցներում ղարաբաղցի ուսուցիչների աշխատանքի տեղավորման ծրագրի մասին, որի համաձայն՝ նրանց տրամադրվում է 30 տոկոս աշխատավարձի հավելում՝ մարզերում աշխատանքի անցնելու դեպքում։
Նա նշել է, որ մի շարք բնակավայրերում, բացի այդ 30 տոկոս հավելումից, ավելանում է նաեւ ամսական 50 հազար դրամ։ «Ներկա պահին մարզերի դպրոցներում աշխատում է 250 ուսուցիչ Լեռնային Ղարաբաղից։ Դա մասամբ կօգնի լուծել մարզերում ուսուցիչների անբավարարության խնդիրը»,- ավելացրել է պաշտոնյան։