Կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա: Այս մասին այսօր տեսահամաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ մարտահրավերների հետ կբախվի տնտեսությունը, ինչպես նաեւ ճգնաժամի խորությունից: «Հաշվի առնելով հաճախորդների հետ բանկերի վերանայված պայմանագրերը՝ հարվածը պետք է ոչ այնքան ուժեղ լինի, քան առաջին ալիքի ժամանակ, եւ ռիսկերն ավելի կառավարելի կլինեն: Ինչ վերաբերում է հնարավոր հետճգնաժամային ակնկալիքներին, դրանք դրական են»,-նշեց նա:
Նա նշեց, որ հունիսի 1-ի դրությամբ բանկերը վերանայել են 550 հազար ֆիզիկական անձանց եւ 17,5 հազար իրավաբանական անձանց համար վարկային պայմանագրերի պայմանները: Ընդհանուր առմամբ վերանայվել է 980 հազար վարկային պայմանագիր 1,3 տրիլիոն դրամի չափով: Հաճախորդների մոտ 30 տոկոսն օգտվել է պայմանագրերի պայմանների վերանայման հնարավորություններից:
«Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները վերացնելու հարցով միջոցառումների 1-ին եւ 2-րդ ծրագրերով բանկերը բավարարել են 98 մլրդ դրամի չափով ավելի քան 26 հազար հայտ, այսինքն՝ միջինում տրվել է 4,5 մլն դրամի վարկ: 1-ին ծրագրով բավարարվել է 66 մլրդ դրամի չափով 1071 հայտ, 2-րդ ծրագրով՝ ավելի քան 20 հազար հայտ 32 մլրդ դրամի չափով»,-եզրափակեց ՀԲՄ տնօրենը: