Իմ նպատակը որևէ անձի կամ կազմակերպության թիրա...

Արփինե Հովհաննիսյանը գրում է․ 

Միայն դուք կարող եք փոխել միջավայրը : Խնդրում եմ իմ սիրելի հետևորդների արձագանքը:
Տարիներ շարունակ մեր հանրային կյանքում մարդկանց առօրյային վերաբերող ամենակարևոր խնդիրները մնացել են երկրորդ պլանում։ Դրանք չեն դարձել հանրային քննարկման գլխավոր թեմա, որովհետև շատ ավելի արագ են տարածվել սկանդալը, բամբասանքը, զրպարտությունն ու տեղեկատվական աղմուկը։
Ես կցանկանայի, որ այս մշակույթը միասին փոխենք։ Այդ նպատակով հետևողականորեն հանրային ուշադրության կենտրոն եմ բերելու ջրամատակարարման խնդիրները, կառուցապատման ոլորտում առկա խախտումները, բանկային համակարգի գործունեությանը վերաբերող հարցերը և բազմաթիվ այլ թեմաներ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա։
Իմ նպատակը որևէ անձի կամ կազմակերպության թիրախավորումը չէ։ Իմ նպատակը խնդիրները վեր հանելն է, դրանց մասին բարձրաձայնելը և լուծումներ պահանջելը։ Այս մասին բաց հայտարարում եմ հենց հիմա, որպեսզի հետո կուլիսներում չհյուսվեն լեգենդներ, չստեղծվեն կեղծ վարկածներ և իմ նախաձեռնություններին չվերագրվեն գոյություն չունեցող շարժառիթներ։ (ինչու՞ ա անում, ի՞նչ ա ուզում և այլն)
Իհարկե, լինելու են փորձեր շեղելու քննարկումը, այն տեղափոխելու անձնական հարթություն և վարկաբեկելու նախաձեռնությունները։ Այդպիսի առաջին, ցավոք, բավականին նողկալի դրսևորումներն արդեն իսկ տեսանելի են։ Սակայն իմ հանրային գործունեության ընթացքում ես կարևոր դասեր եմ քաղել։ Դրա շնորհիվ որոշ մարդկանց համար անակնկալներ են լինելու։ Բայց դրանք պահանջում են մանրակրկիտ նախապատրաստական աշխատանք, և ամեն ինչ իր ժամանակին կներկայացվի։
Իսկ ձեզ մեկ խնդրանք ունեմ. միայն դուք կարող եք փոխել այս միջավայրը։ Միայն դուք կարող եք ստիպել քաղաքական գործիչներին, լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերի էջերին և դրանց կառավարողներին զբաղվել մարդկանց իրական խնդիրներով, այլ ոչ թե հանրային տիրույթը վերածել տեղեկատվական աղբավայրի։
Եթե տեսնում եք, որ հերթական անգամ իրական խնդիրները փորձում են խեղդել կեղծիքներով, զրպարտությամբ և աղմուկով, խնդրում եմ՝ արձագանքեք։ Հայտնեք ձեր վերաբերմունքը, ներկայացրեք ձեր հակադարձումը, պաշտպանեք բովանդակային քննարկումը։ Տարիներ շարունակ արմատացած այս տեղեկատվական աղբը առաջին հերթին վնասում է հենց ձեզ, որովհետև իրական խնդիրները դուրս են մնում հանրային օրակարգից:
Ես իմ բաժին աշխատանքը կատարելու եմ՝ ազնիվ, բաց և մինչև վերջ։