«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը նախօրեին որոշեց «թարմացնել» մեկամյա վաղեմության այն սկանդալը, երբ որոշեց «բռնագրավել», խլել Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը: Ավելի որոշակի, Փաշինյանը հարձակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի վրա:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, երբ Փաշինյանը որոշեց Եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարության համար հետապնդել բարերար և միլիարդատեր Սամվել Կարապետյանին, մասնավորապես, ոչ միայն նրան հանիրավի բանտարկել, այլև խլել ՀԷՑ-ը, սեփականատերը դիմեց Ստոկհոլմի միջազգային արբիտրաժ: Այդ ատյանը հրատապ որոշում էր կայացրել՝ արգելելով ՀԷՑ-ի «բռնագրավմանն» ուղղված քայլերը: Իսկ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի այն ժամանակվա ղեկավար Լիպարիտ Դրմեյանն էլ զուտ մասնագիտական եզրակացություն էր արտահայտել, որ միջազգային արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման:
Փաշինյանը դրանից հետո հայտարարեց, թե՝ «կառավարությունը ես եմ…», իսկ ով համաձայն չէ, թող հեռանա: Հաջորդ իսկ օրը բարձրակարգ մասնագետին գործից ազատեցին: Որոշակի պատկերացում ունենալով Փաշինյանի ու փաշինյանական իշխանության գործելաոճի մասին՝ կարելի է չկասկածել, որ դեռ այն ժամանակ փորձել են ինչ-որ բան «գտնել» մասնագետի դեմ, բայց չի ստացվել: Հակառակ դեպքում՝ միայն գործից չէին ազատի: Եվ մեկ տարի անց, երբ մարդը քաղաքական գործունեությամբ է սկսել զբաղվել, նորից հիշել են նրա մասին:
Բայց բուն հարցը կոնկրետ անձը չէ: Բուն հարցն այն է, որ Փաշինյանի ու նրա իշխանության «աշխարհընկալմամբ»՝ եթե որևէ մեկը օրենքով է շարժվում, եթե մասնագետ է ու մասնագիտական եզրակացություն է տալիս, եթե, ընդհանրապես մեկն այնպիսի կարծիք է հայտնում, որը Փաշինյանի ասածին հակասում է, ուրեմն՝ վերջ, դա արդեն քրեական հանցանք է: Չէ՞ որ քպական իշխանությունը առաջնորդվում է 1 կանոնով. «Փաշինյանը միշտ ճիշտ է, իսկ եթե Փաշինյանը ճիշտ չէ, ապա… «բարի գալուստ» ՔԿՀ»: Այսինքն՝ ի՞նչ օրենք, եթե կառավարությունը, իմա՝ Փաշինյանն արդեն որոշել է, որ մածունը սև է:
Երկրորդը, որ ոչ պակաս խայտառակ իրողություն է, այն է, որ Փաշինյանը շարունակում է ուղիղ ցուցումներ տալ «իրավապահ համակարգին»: Կլինի դա նախընտրական հանդիպում, ասուլիս, ճեպազրույց կամ մեկ այլ հրապարակային ելույթ, բավական է, որ Փաշինյանն ասի, թե այսինչն իրեն դուր չի գալիս, դատախազություն, քննչական ու այլ նմանօրինակ «կառույցներ» հևիհև վարույթ են սկսում, գործ են հարուցում, ձերբակալում, խուզարկում, բանտարկում, բզկտում են իրենց «շեֆի» մատնացույց արած անձնավորությանը:
Այսօր Հայաստանն ապրում է այդ ռեժիմով. համարյա «12 աթոռի» ոճով՝ երեկոյան հայտարարություն, առավոտը շուտ՝ խուզարկություն, դե, կեսօրին՝ արդեն կալանք… Չնայած, որպես կանոն, այդքան ժամանակ չի էլ անցնում, ելույթը դեռ չավարտած՝ գործի են անցնում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։



