Փորձագիտական շրջանակները շարունակում են գնահատել, թե ինչպես կանդրադառնա Ուկրաինայում ընթացող պատերազմը և դրա հետ կապված զարգացումները Հարավային Կովկասի վրա: Այս մասին նշում է «Ամերիկայի ձայն»-ը։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով ընթացող զարգացումները «հետխորհդային տրանսֆորմացիաներ» են, իսկ Ուկրաինայում ընթացող պատերազմն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ուղղակի կամ անուղղակի կերպով կազդեն ՀՀ վրա: Այս համատեքստում նա չի բացառում ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ երկրների, ներառյալ Հայաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցների կիրառման հնարավորությունը:
«Սա լուրջ աշխարհաքաղաքական ցնցումների մի ժամանակահատված է, որտեղ Հայաստանին շատ դժվար է լինելու մնալ անկողմնակալ և չանցնել որևէ գերտերության կողմ՝ հաշվւ առնելով այս բախումներն ու դրանց հետևանքները»,- ասում է նա:
Ըստ միջազգայնագետի, այսօր հետխորհդային տարածքը խոշոր տերությունների շահերի բախման կիզակետում է: Մասնավորապես, Թուրքիան, ըստ Սարգսյանի, ձգտում է ձևավորել թուրքական պետությունների լուրջ կառույց՝ ներառելով Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիան, իսկ ՌԴ-ը, միութենական հանրապետություններ ստեղծելով, փորձում է իր ազդեցությունը ծավալել հետխորհդային տարածքում:
Իր հերթին, կոնֆլիկտաբան Ֆիլիպ Գամաղելյանի կարծիքով, ուկրաինական պատերազմը լինելու է երկարաժամկետ: Նա հիշեցնում է նախագահ Պուտինի գնահատականը, որ ԽՍՀՄ-ի փլուզումը 20- րդ դարի ամենամեծ ողբերգությունն է: Նա համակարծիք է՝ այս զարգացումները բարդ իրադրություն են ստեղծում Հայաստանի համար:
«ՌԴ-ի թե թուլացումը և թե ուժեղացումը ՀՀ-ի համար ստեղծում են լուրջ մարտահրավերներ: Մոսկվայի հաջողության դեպքում մեծ է հավանականությունը, որ պատերազմ լինի Հարավային Կովկասում, մասնավորապես Վրաստանի դեմ, որտեղ ՀՀ-ը կարող է Բելառուսի օրինակով ծառայել որպես պլացդարմ: ՌԴ-ի թուլացումն էլ կարող է հանգեցնել Ադրբեջանում ախորժակների մեծացմանը և հարձակմանը Սյունիքի ուղղությամբ»,- ասում է Գամաղելյանը:
Նրա կարծիքով՝ ԼՂ երկրորդ պատերազմից հետո Հայաստանի դիրքերը չափազանց թուլացած են, որի արդյունքում սահմանափակվում է բազմավեկտորային արտաքին քաղաքականության հնարավորությունը: Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը նա դիտարկում է որպես կենսական նշանակություն, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով: Այն կարևրո է հատկապես Վրաստան-Ռուսասատն ուղղության վրա առկա ռիսկերի և հնարավոր ցնցումների համատեքստում:
«Այս առումով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ունի կենսական տնտեսական նշանակություն: Բացի այդ, դա կարևոր է քաղաքական առումով, քանի որ Թուրքիան մեր հարևանն է: Այո, շատ բարդ անցյալով, վտանագավոր հարևան, որը, սակայն, մնում է տարածաշարջանում, իսկ նոր հարաբերություններն ու ճանապարհները նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար»,- ասում է նա:
Սուրեն Սարգսյանի կարծիքով էլ շատ մշուշոտ է, թե ինչ է շահելու այսօր Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերից՝ հաշվի առնելով անվտանգության, տնետական հնարավոր էքսպանսիայի և այլ ռիսկեր:
«Իհարկե, երկու հարևանները չեն կարող մշտապես թշնամության մեջ գտնվել, սակայն բարեկամությունը չի կարող լինել միակողմանի: Մենք չենք կարող բացել խաղաղության դարաշրջան Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնք չեն ցանկանում մեզ հետ խաղաղության մեջ ապրել»,- ասում է նա:
Վերլուծաբանները համակարծիք են, որ ԱՄՆ-ի դիրքերն այսօր Հարավային Կովկասում թուլացած են: Ըստ նրանց՝ Վաշինգտոնն իր տեղը զիջել է Անկարային և Մոսկվային:
«Եթե այսօր խոսվում է 3+3 ձևաչափի մասին, ուր ներկայացված չեն որևէ կերպ ԱՄՆ-ը և ԵՄ-ը, ապա դա նշանակում է, որ ԱՄՆ-ը դուրս է մնացել Հարավային Կովկասի տարածաշրջանից»,- ասում է Սարգսյանը:
Նրանք ընդգծում են, որ վերջին շրջանում ԱՄՆ-ը փորձեր է անում վերականգնել իր ակտիվությունն այս տարածաշրջանում ու վերադառնալ այստեղ, սակայն լուրջ առաջընթաց այս առումով դեռևս նկատելի չէ:
«ԱՄՆ նպատակ ունի վերադառնալ տարածաշրջան, սակայն դեռևս հասկանալի չէ Վաշինգտոնի քաղաքականությունն ու ռազմավարությունն այս ուղղությամբ»,- ասում է Գամաղելյանը:
Գամաղելյանը չի բացառում, որ Վաշինգտոնը կփորձի ակտիվացնել իր դերակատարությունն այս տարածաշրջանում Հայաստան-Թուրքիա երկխոսության կամ տարածաշրջանում ժողովրդավարության զարգացման խողովակների միջոցով: Սարգսյանի կարծիքով էլ Իրանի հետ միջուկային նոր համաձայնագրի կնքման դեպքում, Թեհրանը կակտիվանա Հարավային Կովկասում, որն էլ ավելի դուրս կմղի ԱՄն-ին Հարավային Կովկասից: