Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ փ...
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գրում է․
Դուք մեր կյանքի իմաստն եք, մեզ ապրեցնողներն ու մեր շարունակությունը։ Դժվար պահերին դուք այն հույսն եք, որ ստիպում է մեծերին լինել ավելի պինդ ու ավելի ուժեղ։
Ցանկացած հայ ընտանիքում արվում է ամեն ինչ երեխաներին լավ կրթություն տալու, բարեկեցիկ ու ապահով կյանք պարգևելու համար, սակայն այսօր մեր ամենակարևոր առաքելությունը մեր զավակներին ինքնիշխան, անվտանգ ու ամուր սահմաններով հայրենիք ժառանգելն է:
Տոնական այս օրը ուզում եմ առանձնակատուկ գլուխ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր հերոսների հիշատակի առաջ, ասել որ մենք բարոյական պարտք ունենք նրանց ընտանիքների կողքին մշտապես լինելու:
Հենց այդ ընտանիքներում հնչող յուրաքանչյուր նոր ծնվող մանկան ճիչն է մեր լինելիության գրավականը, մեր ազգի հարատևությունն ապահովողը:
Փա՛ռք մեր բոլոր հերոսներին:
Ջերմագին շնորհավորանքս եմ ուղղում նաև շրջափակված Արցախի մեր բոլոր բալիկներին, մաղթում որպեսզի սա վերջին փորձությունը լինի, որն իրենք ստիպված են հաղթահարել: Դժվարին այս օրերին Արցախում ծնվող յուրաքանչյուր նոր երեխա գալիս է ապացուցելու, որ արցախցու կամքն անկոտրուն է, պայքարն՝ աննահանջ, պահանջատիրությունը՝ արդարացի:
Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս լուսավոր ու պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն ու երջանկություն, ամենանվիրական երազանքների իրականացում:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս: