Հայաստանի ամբիցիաները պետք է ձևակերպվեն իր չա...

Անվտանգություն ասելով մենք անընդհատ հասկանում ենք բանակ: Անվտանգություն ասելով եթե հասկանում ենք բանակ, նշանակում է, որ մենք անվտանգություն չունենք: Անվտանգությունը նաև այն է, որ դու հասկանում ես քո տեղը և դիրքը աշխարհում: Դու հասկանում ես աշխարհում ապրելու և գործելու կանոնները և հետևում ես այդ կանոններին: Դու գիտես լինել հարգալից ու գիտես հարգանք ներշնչել ինքդ քո նկատմամբ, բայց դա ուրիշների օձիքները հավաքելով չի լինում: Դա լինում է միջազգային հարաբերություններում  դիրքավորվելով պատասխանատու և մաքսիմալ համեստ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ:

«Ես 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում ունցածս ելույթում ասել եմ, որ մեր եղբայրները ընկել են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնի: Հայաստանի Հանրապետությունը իր ամբիցիաները իր չափով պետք է ձևակերպի: Մենք աշխարհը ճանաչելու ու ինքներս մեզ հետ առերեսվելու խնդիր ունենք: Մենք արժանապատիվ հարաբերություններ ենք հաստատում միջազգային խոշոր գործընկերների հետ, բայց մյուս կողմից չպետք է մոռանանք՝ իրենք ովքեր են, մենք ովքեր ենք: Դա հասկանալու համար պետք է նայել համախառն ներքին արդյունքը: Եկեք գնանք հասնենք ու անցնենք, բայց դա ճոռոմ հայտարարություններով չի արվում, դա կրթություն է ու աշխատանք: Այսօր Սինգապուրի պես պետությունը, որի տարածքը Սևանա Լճի երկու երրորդի չափ է՝ 10 անգամ ՀՀ-ից մեծ է, այն դեպքում, երբ իրենց բնակչությունը 5 միլիոն և ավելի է, իսկ մերը մոտավորապես 3 միլիոն»,- նշել է նա:

Անդրադառնալով համեստ լինելու թեմային՝ Փաշինյանը նշեց, որ դա օգնում է աշխարհը ճանաչելու և անհրաժեշտ որոշումներ կայացնելու. «Համեստությունը ոչ ոքին չի վնասում՝ այդ թվում Հայաստանի Հանրապետությանը: Այն օգնում է, որպեսզի մենք օբյեկտիվ ու հանգիստ ճանաչենք աշխարհը և կայացնենք մեզ համար անհրաժեշտ որոշումներ: Այս ամենը, ինչ մենք այսօր ունենք՝ ինքնահայեցման արդյունք է: Ես կրկին մեր միջազգային բոլոր գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում՝ իրենց մեզ ցուցաբերած աջակցության համար»: