Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը:
Մինչ օրակարգին անցնելը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց՝ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 30 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գագիկ Համբարձումյանին:
Ազգային ժողովի կազմը համալրած Համբարձումյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց ԱԺ ամբիոնից.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ-ի ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Շնորհակալություն»:
«Շնորհակալություն, շնորհավորում ենք պարոն Համբարձումյանին»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին ստացել էր ԱԺ նախագահի՝ «Ազգային Ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ» արձանագրությունը։ «Հայաստան» դաշինքի մանդատը տվել էր նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գագիկ Սարգսի Համբարձումյանին։
Նշենք, որ Թադևոս Ավետիսյանն ավելի վաղ ընտրվել էր Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ:



