«Հայաստան» հիմնադրամը 140 հազար ԱՄՆ դոլար է ն...

Սույն թվականի փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Սիրիա կատարած պաշտոնական այցի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը այցելել է Դամասկոս և Հալեպ՝ Սիրիայի հայ համայնքին հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով: 

Մասնավորապես, «Հայաստան» հիմնադրամը Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով 140 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Սիրիայում գործող հայկական կրթօջախներին: Ֆինանսական աջակցությունը կուղղվի այդ կրթօջախների ուսուցիչներին և տեխնիկական անձնակազմին (26 կրթօջախ, 1163 անձ), ինչպես նաև երկրաշարժի հետևանքով տուժած երեք հայկական ուսումնական հաստատություններին («Քարէն Եփփէ» ազգային ճեմարանը, «Կիլիկեան» դպրոցը և Ազգային պատսպարանը) վերականգնմանը: Նշվում է, որ Սիրիայի հայ համայնքին նվիրաբերված 140 հազար ԱՄՆ դոլարը հավաքել են «Հայաստան» հիմնադրամի «Ֆրանսիայի հայկական հիմնադրամ»-ի, «Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ»-ի և Գերմանիայի տեղական մարմինները: «Հայաստան» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, մշտապես ամուր կանգնած է արտակարգ իրավիճակներում հայտնված սփյուռքահայ համայնքների կողքին: