Հայ ժողովուրդը Խաչը լավ է ճանաչում. նա այն կր...

Հայ ժողովուրդը Խաչը լավ է ճանաչում. նա այն կրում է դաջված իր սրտում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Եղբայրներ կուսակցության ներկայացուցիչ Էմանուելե Պոցցոլոն:

Նա, մասնավորապես, նշել է, «Ապրիլի 24-ին հայերը հիշում են 1915-1919 թվականներին թուրքերի կողմից իրականացված վիթխարի ցեղասպանությունը. այսօր պետք է հիշել մեկուկես միլիոն սպանված քրիստոնյա հայերին, և կարևոր է առանց վարանելու դատապարտել նրանց, ովքեր մինչ օրս հերքում են տեղի ունեցած վայրագությունները։

Հայաստանն անքակտելիորեն կապված է մեր ընդհանուր խոր քրիստոնեական արմատների հետ. այդ պատճառով, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, այն ենթարկվել է հալածանքների, որոնց վերաբերյալ շատերի լռությունը նրանց բարոյապես հանցակից է դարձնում։

Հայերը բնորոշվում են նաև որպես «Արարատի ժողովուրդ». Արարատ լեռան վրա է ջրհեղեղից հետո հանգրվանել է Նոյյան տապանը։ Հովհաննես Պողոս II պապը 2000թ. սեպտեմբերի 14-ին Հայ Կաթողիկե պատրիարքարանի ուխտավորների հետ հանդիպման ժամանակ, հետևյալ կերպ է բնորոշել հայերին.

«Հայ ժողովուրդը Խաչը լավ է ճանաչում. նա այն կրում է դաջված իր սրտում: Խաչը հայերի ինքնության, պատմության ողբերգությունների և յուրաքանչյուր անբարենպաստ դեպքից հետո վերածնվելու փառքի խորհրդանիշն է»: