Հայ-վրացական համագործակցության օրակարգում՝ կա...

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 20-ին հյուրընկալել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունը, ողջունելով նախարար Կվրիվիշվիլիի այցը Հայաստան՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացումը երկուստեք դիտարկվում է որպես կարևոր հանձնառություն, ինչն արտացոլվում է երկկողմ հարաբերությունների ներկա դինամիկայով։

Կարևորելով քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, կապի և հեռահաղորդակցության, ինչպես նաև համագործակցության այլ կարևոր ուղղությունների վերաբերյալ։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է առկա համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը՝ երկկողմ հարաբերություններում դեռևս չիրացված ներուժն իրացնելու և դրանից բխող հնարավորություններն առավել արդյունավետորեն օգտագործելու տեսանկյունից։

Տիգրան Խաչատրյանը և Մարիամ Կվրիվիշվիլին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ՝ անդրադարձ կատարելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և դրա իրականացման շրջանակներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին։