
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
«Կառավարության նիստերում մի շարք որոշումներ են ընդունվել ֆինանսավորման հետ կապված, Մարգարայում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում ։ Կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, թե երբ կավարտվի, բայց շուտով»,- ասաց նա։
Հարցին՝ աշխատանքների ավարտից անմիջապես հետո կբացվի՞ սահմանը, Բադասյանը պատասխանեց․
«Դա ՊԵԿ իրավասության շրջանակներում գտնվող հարց չէ։ Մեր խնդիրը սահմանային անցակետի մաքսային հսկողության պատշաճ իրականացման համար պայմանների ապահովումն է, մենք դա իրականացնում ենք»։
Ֆինանսավորման հետ կապված հարցերին Բադասյանը պատասխանեց՝ նշելով, որ այդ հարցերը քննարկվում են կառավարության նիստերի ժամանակ և տարբեր փուլերի համար հատկացվում են տարբեր գումարներ, իսկ ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի հաշվին։