Հայ-թուրքական բարեկամությունը սպանում է հայն...
Հայկականությունը գոյություն ունի, քանի որ կա թյուրքականությունը: Հայ-թուրքական բարեկամությունը սպանում է հայն ու Հայաստանը: Ով քարոզում է հայ-թուրքական բարեկամության մասին, հայկականության թշնամին է:
Սա վերջին երեք դարերի տարածաշրջանային քաղաքականության աքսիոմներից է:
Թուրքիան պատային վիճակում է:
Նկատած կլինեք «վայ վերլուծաբանների» հայտնի թեզերը, թե իբր գոյություն ունի ռուս-թուրքական տանդեմ կամ մեկ այլ եզրույթ՝ ռուս-թուրքական վանդակ:
Տուրք տանք տրամաբանությանը. կհանդուրժի՞ Ռուսաստանը Թուրքիային որպես կայսրություն: Այստեղ քննարկման թեմա չի կարող լինել, քանի որ աշխարհաքաղաքական առումով մեկը մյուսին բացառում է. Թուրքիայի կայսրություն լինելը բացառում է Ռուսաստանի կայսրություն կարգավիճակը և հակառակը:
Դիտարկենք մյուս տարբերակը. Թուրքիային պե՞տք է մնալ նույն կարգավիճակում, բայց փոխել արտաքին օրիենտացիան՝ ՆԱՏՕ-ից (Արևմուտք) դեպի ՀԱՊԿ(Ռուսաստան), այստեղ հարց. իմա՞ստը:
Իսկ հիմա եղածը, հավանականը, տրամաբանականը և գործող անձինք:
Ռուսաստանը գերտերություն դարձրած Պուտինը, իրեն սուլթան երևակայող Էրդողանն ու Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության մերօրյա ճարտարապետ Ռիչարդ Մուրը:
2016 թվականի աշխարհաքաղաքական գլխավոր անցքերից մեկը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն էր: Այստեղ մի հատկանշական բան տեղի ունեցավ: Արևմտյան լրատվականները արագ տարածեցին, որ Էրդողանին փրկել է Պուտինը և վիժեցրել հեղաշրջումը: Կանցնի կարճ ժամանակ, և այս դիսկուրսի մեջ կառաջանա հարց, իսկ ինչպե՞ս փրկեց Պուտինն Էրդողանին, չէ՞ որ հեղաշրջմանը կողմ էին եղել գրեթե բոլոր թուրքական ուժային կառույցները ,և աշխատանքը սինխրոն էր եղել, ինչպե՞ս կարող էր Ռուսաստանը նման գործողություն իրականացնել ՆԱՏՕ-ի երկրորդ ռազմական ներուժն ունեցող երկրում. այ այստեղ ի հայտ է գալիս մի հետաքրքիր անուն՝ Ռիչարդ Մուրը, որն այն ժամանակ Թուրքիայում ՄԲ-ի դեսպանն էր(իսկ ներկայումս զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի Արտաքին հետախուզության(Մի6) ղեկավարի պաշտոնը), և սկսվում է սլաքների փոփոխությունը՝ Պուտինից դեպի Մուր: 2020-ի հոկտեմբերի սկզբին Մուրը նշանակվեց ՄԻ6-ի ղեկավար, իսկ նույն ժամանակ Կովկասյան տարածաշրջանում էլ ընթանում էր Արցախյան երկրորդ պատերազմը. սկսվեց քանդվել 2016-ի՝ Էրդողանի «փրկչի» գորդյան հանգույցը:
Մուրը, որը Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության ճարտարապետներից է, Ռուսաստանին դիտարկում է որպես Մեծ Բրիտանիայի միակ թշնամի, իսկ Թուրքիային՝ բարեկամ և Ռուսաստանին հակակշիռ:
Մուրի տարածաշրջանային քաղաքականության առանցքը Հարավային Կովկասն է, որը Մեծ Բրիտանիայի համար Արևելքում ամենակարևոր տարածաշրջանն է համարվում, որին կարելի է հասնել Թուրքիայի միջոցով. նպատակը հետևյալն է եղել՝ քաոս ստեղծել անդրկովկասյան երեք պետություններում, որի արդյունքում կթուլանան Ռուսաստանի դիրքերը, ինչի արդյունքում հնարավորություն կբացվի Թուրքիայի համար:
Հարավային Կովկասում տեղի ունեցած բոլոր քաղաքական, ռազմական իրադարձությունները բխում են վերը նշված խաղի տրամաբանությունից:
Այս ամենից հետևում է, որ Բրիտանիան ձգտում է Թուրքիան դարձնել կայսրություն, իսկ դրա բանալին Հարավային Կովկասն է՝ Հայաստանով:
Այս պրոցեսը կարող է վիժեցնել Հայաստանի իշխանափոխությունը, վերականգնված Հայոց բանակը՝ բնական դաշնակցի զորակցությամբ:
Գրում է Ազատ Ադամյանը իր ֆեյսբուքյան էջում