Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի ս...

Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սանձազերծած ցինիկ  արշավի հիմնական բաղադրիչը դրա հակասահմանադրականությունն է: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ըստ այդմ, դրան ընդդիմացողներն, առաջին հերթին, իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի Սահմանադրությանը, հետո նոր առաջնորդվում են այլ մոտիվներով: 

Ի՞նչ հաշվարկով է Փաշինյանը գնում Եկեղեցու «զավթման» օպերացիային: 

Օրենքն այս հարցում, ինչպես նշեցի, նրան դաշնակից չէ: Փաշինյանն բացահայտորեն խախտում է Սահմանադրության 17-րդ հոդվածը: 

Փաշինյանը չի կարող վկայակոչել նաև միջազգային փորձը: Եկեղեցու և պետության տարանջատումը արևմտյան դեմոկրատիայի հիմնասյուներից է, որը նպաստում է ինչպես ազատությանը, այնպես էլ հանրային խաղաղության ու հավասարության պահպանմանը։ 

 Փաշինյանը չի կարող ապավինել նաև հանրային աջակցությանը: 

Այդպիսի մի բան նա արել է 2019-ին, երբ ապօրինաբար որոշեց շրջափակել դատարանները: Սակայն այն ժամանակ Փաշինյանի վստահության ռեսուրսը բավականին բարձր էր, ինչի շնորհիվ նա կարողացավ հակասահմանադրական մեթոդներով կլանել դատական համակարգը: 

Հիմա իրավիճակ է փոխվել. մի կողմից, գործ ունենք Փաշինյանի գահավիժող վարրկանիշի հետ, մյուս կողմից՝ այս անգամ Փաշինյանի արկածախնդրությունն ավելի «գրանդիոզ» մասշտաբ ունի՝ նա ոտնձգում է մեր ինքնության բացառիկ կարևոր ինստիտուտի դեմ: 

Փաշինյանն ակնհայտորեն գնում է քաղաքացիական բախումներ հրահրելու ճանապարհով, սակայն տրամաբանորեն չի կարող խաղադրույք անել միայն ուժայինների աջակցության վրա: 

Հանրային դիմադրության մասշտաբը կարող է շատ մեծ լինել, ըստ այդմ՝ գործող վարչապետի հաշվարկների հիմքում կարող է լինել արտաքին միջամտությունը՝ Արևմուտքի գլոբալիստական սեգմենտների, Ադրբեջանի, Թուրքիայի դեմքով: 

Փաշինյանի գերխնդիրն իշխանության պահպանում/ վերարտադրությունն է, անգամ՝ թշնամական, օտար միջամտությամբ: 

Ընդդիմության խնդիրը պետք է լինի՝ երկիրը ցնցումներից զերծ պահելը, Փաշինյանին ու նրա օրակարգը մարգինալացնելը, խաղաղ և անցնում իշխանափոխությունը: 

Կարգախոսային ակցիաները, «ուռահայրենասիրական» ճառերը նպատակին հասնելու լավագույն ճանապարհը չեն: 

Անհրաժեշտ է քաղաքական այլընտրանքային ծրագիր, լիդերության ինստիտուտի ձևավորում: Սա բարդ ու ստեղծագործ աշխատանք է պահանջում, որոշ դեպքերում՝ ասիմետրիկ պատասխան իշխանությունների ագրեսիվ օրակարգին: 

Հաջորդիվ, որոշակի պարբերականությամբ, կխոսեմ ընդդիմության անելիքների մասին»,-գրել է նա: