
Հայաստանի կառավարության որևէ քայլ ուղղված չէ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ, հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ։ Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, իմ ընտանիքի համար է սրբություն, հետևաբար մենք չենք կարող արշավել եկեղեցու դեմ»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ կառավարության նպատակը եկեղեցուն վնասելը չէ, այլ նորոգելն է։ Նրա խոսքով՝ եթե Հայ Առաքելական եկեղեցին կառավարության համար սրբություն չլիներ, ուղղակի կարող էին անտարբեր գտնվել այն կործանարար ընթացքի նկատմամբ, որը տեղի է ունենում։
«Ընդհակառակը՝ եկեղեցու նկատմամբ որպես հավատավոր հետևորդ իմ վերաբերմունքն է, որ ինձ ստիպում է, որ Հայ Առաքելական եկեղեցու և Մայր աթոռի նորոգման այս անհրաժեշտության մասին ես բարձրաձայնեմ, իսկ այդ օրակարգը ես համոզված եմ Հայաստանի Հանրապետությունում կիսում են բազմաթիվ մարդիկ՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների ամբողջ բանակը, որովհետև եթե որևէ մեկը Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ է, չի կարող անտարբեր հետևել եկեղեցու անկմանը»,- եզրափակեց նա։