Ես և մեր խմբակցությունը ծայրաստիճան դրական ենք վերաբերվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գաղափարին։ Այսպիսի հավաստիացմամբ Ազգային ժողովի նիստում, պետական-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, օգոստոսի 12-ին հանդես եկավ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ նման պրակտիկան ընդունված է զարգացած երկրներում։ Միաժամանակ ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ առանցքային նշանակություն ունի այն, թե ինչ մեթոդներով պետք է իրականացվի պետությունից հափշտակված միջոցների վերադարձը։
«Այո՛, պետական գույքի հափշտակությունն աններելի է։ Պետությունից գողացված յուրաքանչյուր կոպեկ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այս գաղափարի կողմնակիցն ենք և պետք է նպաստենք դրա իրականացմանը, սակայն այն չպետք է և չի կարող իրականացվել քաղաքական մեթոդներով»,- պարզաբանեց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ այս գաղափարի իրականացման միակ թույլատրելի ճանապարհը պետք է լինի իրավական մեխանիզմը։ Միևնույն ժամանակ, օրենքում ամրագրված մոդելը բազմաթիվ քննադատական դիտարկումներ է առաջացնում։



