Հայաստանի նախագահությամբ առցանց եղանակով կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշակույթի աշխատանքային խմբի նիստը։ Հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից:
Նիստին հայկական կողմից մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, նույն վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, նույն կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության քաղաքական և տնտեսական հարցերի պատասխանատու Անահիտ Չալիկյանը։
Նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության՝ ՍԾՏՀԿ մշակույթի աշխատանքային խմբի գործողությունների ծրագիրը, որը մշակվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը ներկայացրել է 2024 թ. Հայաստանի իրականացրած միջոցառումները՝ համաձայն գործողությունների ծրագրի: Մասնավորապես` ներկայացվել է Վայոց ձորի Արենի համայնքում սեպտեմբերի 14-15-ը տեղի ունեցած «Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը», որը կազմակերպվել էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 5 անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել է նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի փորձագետների և վերականգնող-մասնագետների ցանցի ստեղծման ՀՀ նախաձեռնությունը, որն արժանացել է անդամ-պետությունների հավանությանը։
Որոշվել է «ՍԾՏՀԿ տնտեսական օրակարգ. դեպի ընդլայնված Սևծովյան տարածաշրջանի կայուն ապագա» փաստաթղթի շրջանակում ընդլայնել մշակույթի ոլորտում համագործակցությունը՝ ակտիվացնելով քայլերը մշակութային ներուժի բացահայտման և երկխոսության ուղղությամբ: