
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում հաստատեց «Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, այդ միջոցառումների իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները:
Նախագծով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում:
Նախագծի ներդրման արդյունքում լայնորեն կկիրառվի «Մեկ առողջություն» սկզբունքը, որն իր մեջ ներառում է մարդկանց, կենդանիների և բույսերի համար վտանգավոր վարակների նկատմամբ հսկողությունը, կանխարգելումը և տարբեր բռնկումների ժամանակ պատշաճ արձագանքումը:
Զգալի միջոցառումներ են նախատեսված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության իջեցման ուղղությամբ: Ամբողջ աշխարհում մտահոգիչ խնդիր է հանդիսանում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը, որը հղի է լուրջ հետևանքներով ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների ու բույսերի համար:
Նախագծով միջոցառումներ են նախատեսվում բարելավելու մասնագիտական մարդկային ներուժի առկայությունը, պատրաստումն ու պատշաճ բաշխումը արտակարգ իրավիճակների ժամանակ, կատարելագործելու տեղեկատվության ստացման ու փոխանցման մեխանիզմները, այդ գործընթացում համայնքների ու բնակչության ակտիվ ներգրավումը, սահմանային անցման կետերում հանրային առողջապահական գործառույթների համակարգումը, քիմիական և միջուկային բնույթի միջադեպերի ժամանակ արձագանքման կատարելագործումը: