Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է «Երիտասարդ քաղաքագետների ակումբ»-ի անդամներին:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին, անդրադարձել պետական կառավարման համակարգի գործունեությանը, առանձնահատկություններին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, «Ակադեմիական քաղաք»–ին և այլ թեմաների:
Հաջորդիվ՝ Արայիկ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է շրջայցի Կառավարության շենքում, ներկայացրել քաղաքի գլխավոր ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշները, որոնք ներկայացնում են Կառավարության շենքի պատմությունը:
«Երիտասարդ քաղաքագետների ակումբ»-ի անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ընդունելության և հետաքրքիր հանդիպման համար:



