Հարգանքի տուրք՝ Ոստիկանության զորքերի զոհված...

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Նախարարության և ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմը նոյեմբերի 7-ին Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության Երևանի գնդերից մեկում ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Նույն օրը ՆԳ նախարարը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմը այցելել են Էջմիածին՝ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Արմեն Վարդանյանի շիրիմին, մասնակցել հոգեհանգստյան կարգին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ նոյեմբերի 7-ին, զոհվեցին Ոստիկանության զորքերի 39 ծառայողներ՝ գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ։

44-օրյա պատերազմին մասնակցել են ոստիկանության զորքերի բազմաթիվ ծառայողներ. զոհվել է 43 ծառայող։

«Հավերժ փա՛ռք հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։