Երևանի հանրակրթական դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակումը նպաստել է դասերի ընթացքում սովորողների ուշադրության առավել կենտրոնացմանն ու դպրոցական կարգապահության ամրապնդմանը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ժամանակ ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Նա նշեց, որ դպրոցներում բջջային հեռախոսների արգելքի արդյունավետությունը գնահատելու համար իրականացված հարցումները ցույց են տվել, որ արգելքները բարելավել են դասերի ընթացքում աշակերտների ուշադրությունը։
«Հարցվածների 3.4%-ը գտնում է, որ հեռախոսների օգտագործման արգելքը նվազեցրել է կոնֆլիկտները։ Հարցված ուսուցիչների 93.3%-ը, սովորողների 82.7%-ը և ծնողների 96.5%-ը փոփոխությունները դրական են գնահատել»,-ասաց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը բջջային հեռախոսների սահմանափակումները դպրոցներում կարևոր և առաջնային քայլ է համարել։
«Շատ ուրախալի է, որ արդյունքները դրական են գնահատվում»,-ասաց նա։
Հարցմանը մասնակցել է շուրջ 20 հազար հոգի՝ պատահականության սկզբունքով։ Հարցված ուսուցիչների 48.2 %-ը 20 և ավելի տարվա փորձառություն ունեն։



